ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։ Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Այսպես` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077–ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:
Բացի այդ, 2022 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82–ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։
Հիշեցնենք, որ Հայաստանում, ըստ կանխատեսումների, 2023 թվականին կծնվի շուրջ 36 հազար երեխա՝ 2022 թվականի 37 հազարի դիմաց։ Կանխատեսումը կազմվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, որպես կանոն, գրանցվում է ծնելիության աճ, որին անխուսափելիորեն հաջորդում է որոշակի անկում։ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24 000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։