Սյունիքում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և փախուստի դիմել․ տղամարդը մահացել է

Ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալին հայտնաբերել են Վայոց Ձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում, վրաերթի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հ. Խաչատրյանը, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում։
«Տեղում աշխատող ոստիկաններից մեկը պարզել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել: Վարորդը կանգնել է, որպեսզի խնդիրը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի»,– նշում է կայքը։
Կոտայքի մարզում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել
Իրավապահները վրաերթի վայրից 61 կմ հեռավորության վրա՝ արդեն Վայոց Ձորում` Վայքի զորամասի հարևանությամբ, հայտնաբերել են վրաերթ կատարած BMW մակնիշի ավտոմեքենան։ Այն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Պարզվել է, որ վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն է։