Մեղրիում ոստիկանության մասնագիտական ստորաբաժանում կբացվի. ՀՀ ոստիկանապետը` Իրանի դեսպանին

ՀՀ ոստիկանապետի և Իրանի դեսպանի հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Sputnik
Սյունիքի մարզում` Մեղրիում, ոստիկանության մասնագիտական ստորաբաժանում կբացվի։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այդ մասին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Ըստ հաղորդագրության` այսօր կայացած հանդիպման ժամանակ Ղազարյանը խոսել է թմրամիջոցների դեմ պայքարի մասին։
«Ղազարյանը նշել է, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Ոստիկանապետը շեշտել է, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում»,– տեղեկացնում է ոստիկանությունը։
Ղազարյանը խոսել է նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշել այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը։
Զոհուրին կարևորել է հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնել իրանական կողմի աջակցությունը։ Դեսպանը խոսել է նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Իրանի ոստիկանությունը Թեհրանի օդանավակայանում 27 կգ հերոին է առգրավել