Կայացել է Միրզոյանի, Բլինկենի ու Բայրամովի հանդիպումը. հայտնի է` ինչ են պայմանավորվել

աշինգտոնում, Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնում, Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դրանից առաջ էլ՝ մայիսին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում: