ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքն ընտանիքում բռնության դեպքերի հետ գոհացուցիչ չէ։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Ցավոք սրտի` ստանում ենք դիմում-բողոքներ, ունենք ցավալի դեպքեր, երբ ընտանեկան բռնության ենթարկված կանայք դիմել են ոստիկանության բաժանմունքներ, նրանց համոզել են գնալ տուն և հաշտվել, որի հետևանքով այդ կանայք սպանվել են»,-ասաց Գրիգորյանը։
Բացի այդ, կանայք հաճախ թիրախավորվում են իրավապաների կողմից, նրանց մասին տեղեկատվությունը հաճախ են հայտնում երրորդ անձանց։
Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցը։
«Որպես ինտիտուցիոնալ լուծում` իմ մոտեցումն այն է, որ Հայաստանը խթանի առավել մեծ թվով կին ոստիկանների ներգրավումը և որոշ պետությունների փորձից ելնելով` նրանց վերապատրաստի հենց ընտանեկան բռնության ենթարկված տուժողների հետ աշխատանքի համար։ Պետք է սահմանենք կանոն, որ ոստիկանությունում նման դիմումատուների հետ շփվեն միայն համապատասխան կրթություն ստացած ծառայողները »,-ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ էական փոփոխության կարելի է հասնել միայն այդ դեպքում։
Անդրադառնալով վիճակագրական տվյալներին` Գրիգորյանը նշեց, որ չնայած միասնական վիճակագրական տվյալների կարգն արդեն 2 տարի է, ինչ հաստատվել է, սակայն այն չի գործում։