«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՔԿՀ
Դատարանը բավարարել է Գևորգ Մելիքյանի խափանման միջոց կլանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը», 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մնացական Մարուքյանը։
«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննեց մեր ներկայացրած միջնորդությունը` Մելիքյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց մեր միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 60 մլն դրամը։ Գրավն արդեն վճարվել է, Մելիքյանն ազատության մեջ է»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը կալանքի տակ է 2020-ի օգոստոսից։ Նա 2021-ին հուլիսին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն շուրջ մեկ ամիս անց կրկին կալանավորվել էր։
«Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը, 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականունով Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնեցի Հարութիկ» մականունով Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։