Ինչպես են ՌԴ-ում պատրաստվում զորահավաքի մասնակիցները և ոչ միայն նրանք

Դոնեցկի ժողովրդական միլիցիայի «Փոթորիկ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես է ընթանում հրաձգարանում մարտիկների պատրաստումն ու վերապատրաստումը:
Sputnik
«Փոթորիկ» ջոկատը բարդ հետախուզական առաջադրանքներ է կատարում Դոնբասում ։ Ջոկատի հրահանգիչների կողմից վերապատրաստվում են ինչպես կամավորներն ու զորահավաքի մասնակիցները, այնպես էլ մարտական փորձ ունեցող մարդիկ։
«Իմ հրահանգիչները պատրաստում են նորեկներին, նորակոչիկներին, աշխարհազորայիններին և այլն։ Ընդհանուր պատրաստություն է տարվում բոլոր ուղղություններով։ Չպատրաստված հետևակը մնաց Հայրենականի ժամանակներում: Այժմ մարտի դաշտում պետք է պայքարեն մասնագետները», - ասել է ջոկատի հրամանատարը՝ «Բատյա Խարկովսկին» մականունով։
Նա նշել է, որ պատրաստվելու ժամանակ շատ չունեն։ Դրա համար էլ ողջ մարտական դասը կենտրոնացված է կարևոր կետերի վրա, ավելորդ ամեն ինչ մի կողմ է թողնված։ «Մենք չենք գրում ամփոփագրեր, ինչպես նախկինում ընդունված էր, մենք իսկապես պատրաստում ենք մարդկանց կռվի», - ասել է հրամանատարը:
Անձնակազմի վերապատրաստման համար հատկացվում է առնվազն մեկ ամիս. այս ընթացքում մարտիկը պետք է սովորի զենք բռնել, առաջին օգնություն ցուցաբերել, ճիշտ տեղաշարժվել ռազմի դաշտում և շատ ավելին։
Նշենք, որ ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։