ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը ձգտում է ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին բանակցային գործընթացից։ Այս մասին Լազարյան ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
«Արևմուտքն աշխատում է Քեմփ Դևիդի մոդելով, երբ երկար տարիներ բանակցություններ են ընթանում Մերձավոր Արևելքի շուրջ, ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն հիմնական միջնորդներն են, սակայն որոշակի փուլում, զգալով Եգիպտոսի այն ժամանակվա նախագահի հակումը, Քիսինջերը կոտրում է այդ սխեման և գործարք կնքում Եգիպտոսի և Իսրայելի միջև՝ միաժամանակ մոռանալով Սիրիայի և Պաղեստինի շահերի մասին», - ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ այսօր բացարձակապես նույն իրավիճակ է ստեղծվել։ Նա խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր գնում են նման գործարքների, չմոռանալ, թե ինչպես է այս ամենն ավարտվել այն առաջնորդների համար, ովքեր գնացել են դրան:
Ինչ վերաբերում է միջանցքին, ապա Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ այս թեման պատված է առասպելներով, որոնց շատերը հավատում են ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում։ Քաղաքական գործիչը վստահ է, որ այս հարցում շատ բան կախված է Հայաստանի դիրքորոշումից։
Ռուս խորհրդարանականը չի հավատում, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի հանգիստ կապրեն։ Այդ կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է մի շարք միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել մարտական գործողություններից հետո (ամենայն հավանականությամբ նկատի ունի ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունը - խմբ.), ինչպես նաև ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության պատմությունը։ Խորհրդարանականը նշել է, որ առաջին հերթին պետք է լուծել հիմնարար հարցերը, ինչպիսին է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։
«Ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել, եթե մենք չենք կարող հանգիստ լինել Ղարաբաղում մարդկանց կյանքի համար, չէ որ այն երկրները, որոնք հավակնում են Ղարաբաղին՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»- հարցրեց Զատուլինը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքն է։ Ինչ վերաբերում է այն հույսերին, որ այդ հարցերը կհաջողվի լուծել Արևմուտքի հետ դաշինքով, Զատուլինը վկայակոչել է պատմական փաստերը, մասնավորապես՝ որպես օրինակ բերելով Սևրի պայմանագիրը։
Կոնստանտին Զատուլինը կոչ է արել Լազարյան ակումբի մասնակիցներին անել առավելագույնը, որպեսզի համոզեն Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին համագործակցության ճանապարհով գնալ։