ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Նշվում է, որ Կամերոնը եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19–ին էլ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն է այցելել Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։