Սերժ Սարգսյանն ու Անդրեյ Կովաչևը քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշմանն առնչվող հարցեր

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները և այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին և նրա հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը՝ Սարգսյանն ասել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Անդրեյ Կովաչևը երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։