ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ռուսական հակադոպինգային գործակալությանը (ՌՈւՍԱԴԱ) կոչ կանի հանրայնացնել ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործով տեղեկատվության որոշակի ծավալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են միջազգային կազմակերպությունից:
Ավելի վաղ ռուսական հակադոպինգային ՌՈւՍԱԴԱ գործակալությունն իր Telegram ալիքում հայտարարել էր, որ մտադիր չէ հրապարակել Վալիևայի գործով լսումների ամսաթիվը, որոշումը կամ այլ մանրամասներ: Հայտնի է, որ հետաքննությունն ավարտվել է, գործը պետք է քննի կարգապահական հակադոպինգային հանձնաժողովը: Վալիևան, որը դրական դոպինգ-փորձանմուշի հանձնման պահին 15 տարեկան է եղել, WADA-ի կանոնների համաձայն` պաշտպանված անձ է հանդիսանում:
«Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի դրույթներին համապատասխան` ՌՈւՍԱԴԱ–ն պարտավոր չէ հրապարակել հակադոպինգային գործի մանրամասները մինչև դրա ավարտը, ներառյալ բողոքարկումները, որոնք կարող են ներկայացվել և քննվել։ Իսկ պաշտպանված անձին վերաբերող գործի դեպքում պարտադիր բացահայտում ցանկացած փուլում չի պահանջվում։ Դրա համար շատ ճիշտ պատճառներ կան։ Բայց քանի որ այդ գործն արդեն հրապարակային է դարձել, WADA-ն ՌՈւՍԱԴԱ-ին կոչ կանի համապատասխան հրապարակում կատարել` հաշվի առնելով այդ գործի հանգամանքները»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են WADA-ի մամուլի ծառայությունից:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում հավելել են, որ ինչպես բոլոր գործերի դեպքում, WADA-ն ուշադիր կուսումնասիրի ՌՈւՍԱԴԱ-ի որոշումը, և իրեն իրավունք է վերապահում բողոքարկել այն Սպորտային արբիտրաժային դատարանում, եթե անհրաժեշտ համարի:
Հիշեցնենք` Վալիևան Ռուսաստանի հավաքականի կազմում Պեկինի 2022թ.-ի Օլիմպիադայի թիմային մրցաշարի հաղթող էր դարձել։ Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին գեղասահորդուհու դոպինգ թեստը դրական արդյունք է տվել տրիմետազիդինի համար։ CAS-ը Վալիևային թույլ տվեց մասնակցել խաղերի անհատական մրցաշարին, նա չորրորդ տեղը գրավեց։
Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաձգել է թիմային մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը մինչև Վալիևայի գործի քննության ավարտը։