ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին «ֆեյսբուքում» հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` նշելով, որ ԵՄ առաքելության անդամներին հանգամանալից ներկայացրել է թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկություններ, մասնավորապես` Սոթք ու Կութ բնակավայրերի կրած վնասները։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզում
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
«148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,– գրում է մարզպետը։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզում
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Եվրոպացի այցելուներին ուղեկցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների մասին։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզում
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
ԵՄ ներկայացուցիչները դիտարկումներ են կատարել չափիչ սարքերի միջոցով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզում
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Մարզպետն իր կողմից վստահեցրել է, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն արդեն հանդիպել են ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Առաքելությունը Հայաստանում է լինելու առավելագույնը 2 ամիս ժամկետով։