ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզ։ Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ Դրանք են` դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը և աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել նաև հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա կարևորել է ԵՄ պատվիրակության առաքելությունը` նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։
Առաքելության շրջանակում Հայաստան կայցելեն 40 փորձագետ` երկու ամսով։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները արդեն հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։