Հայտնի է` ինչ հարցեր է քննարկել Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Եռակողմ հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպմանը քննարկվել են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարներն ու մի շարք այլ հարցեր։
Եռակողմ հանդիպումը կայացել է Աստանայում` ԱՊՀ րկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։
Նախարարները խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորության մասին։ Նրանք հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների պահպանման անհրաժեշտությունը։
«Քննարկվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր`Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գլխավորությամբ, ինչպես նաև Ռուսաստանի աջակցությամբ հայ– ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հարցեր»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։
«Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել եռակողմ շփումները»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։