ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սիմֆերոպլի շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգ կասկածյալներին: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երեկ դատարանը հինգ կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը` մինչև դեկտեմբերի 8-ը»,– գործակալությանը հայտնել են դատարանում:
Կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։