Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ

Վրաերթը տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց` մինչ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների դեպքի վայր ժամանելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ–Զորավան ավտոճանապարհին հոկտեմբերի 10-ին`ժամը 19։30-ի սահմաններում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, այնուհետև վրաերթ, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ 41-ամյա Վարդան Վարդանյանի վարած «ВАЗ 2106» մակնիշի և 33-ամյա Հարություն Աբրահամյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։
«Մինչ վարորդները սպասելիս են եղել ապահովագրական ընկերությունների աշխատակիցների ժամանմանը, ժամը 19։45-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ 67-ամյա Գասպար Վարդանյանն իր վարած «ГАЗ 24» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բուժական գյուղի բնակիչ 31-ամյա Մնացական Սողոմոնյանին, Եղվարդ քաղաքի բնակիչներ 40-ամյա Մհեր Պապյանին և 33-ամյա Հարություն Աբրահամյանին, ովքեր եղել են վթարի վայրում։ Վրաերթից հետո 67-ամյա տղամարդը բախվել է Զորավան գյուղի բնակիչ 40-ամյա Արտակ Այվազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային»,– ասված է կայքում:
Վրաերթի ենթարկվածներից Պապյանն ու Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Սողոմոնյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վերջինս, կայքի տեղեկություններով, գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում, հետիոտնային անցումում, Lexus–ով վրաերթի են ենթարկել անչափահաս տղայի