ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․Սոնա Մնացականյանին անզգուշությամբ մահացու վրաերթի ենթարկելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ հաստատված է համարվել, որ ՃՈ սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» ծառայողական ավտոմեքենայով ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս թույլ է տվել մի շարք խախտումներ, ստեղծել է վթարային իրադրություն և վրաերթի է ենթարկել կանաչ լույսի առկայությամբ հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին:
Այնուհետև Ա. Ն.-ն խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։
Քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը նաև բավարարել է քննիչի միջնորդությունը` հաստատվել է, որ վրաերթին նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն պահպանել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, և այդ պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով (արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) նախատեսված հանցակազմը։
Դատախազը նաև արձանագրել է, որ տուժող Սոնա Մնացականյանը փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ, ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավարի գործողությունները։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։