Փորձ է արվել Հայաստանից Ռուսաստան արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք՝ մաքսային հսկողությունից թաքցնելով կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելով։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ քաղաքացի Ռ.Մ-ն նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո դրանց մի մասը փոխել է ծխախոտով՝ առանց մաքսային մարմնի թույլտվության։
«Քաղաքացին ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ»,- ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ (մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը), 197-րդ (առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները), 198-րդ (առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, ինչպես նաև կորցնելը) և 203-րդ (ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ) հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։