ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ստուգել է զորահավաքին մասնակցող քաղաքացիների նախապատրաստման ընթացքն ու տեղավորման պայմանները:
ՌԴ-ում մասնակի զորահավաքի շրջանակում կանանց չեն զորակոչի, ապագայում էլ նման ծրագիր չկա։ Լրագրողներին հետ զրույցում հայտնել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Բացի այդ, պաշտպանության նախարարը նշել է, որ պետական հավատարմագրում ունեցող կոմերցիոն բուհերի ուսանողներին Ռուսաստանում մասնակի զորահավաքի անցկացման ընթացքում չեն զորակոչի։
«Նախագահի հրամանագրի լրացումներն արդեն պատրաստ են։ Դուք գիտեք, որ նախագահի հրամանագրի համաձայն՝ պետական բուհերի ուսանողները զորահավաքին չեն մասնակցում», - ասել է Շոյգուն։
Նա պարզաբանել է, որ զորակոչի մեկնարկը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, քանի որ զինկոմիսարիատները շատ ծանրաբեռնված են, բայց դա չի ազդի ժամկետային ծառայությունն ավարտողների վրա. նրանք կվերադառնան տուն՝ ըստ պլանային ժամկետների:
Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել սեպտեմբերի 21-ից: Ինչպես ավելի վաղ նշել էր Սերգեյ Շոյգուն, այն անհրաժեշտ է 1000 կմ երկարությամբ շփման գծի և Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկողության համար: Զորահավաքի ընթացքում զորակոչվելու է ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային, դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 219-րդ օրը։