ՌԱԴԻՈ

ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բնակարանների և տների վարձակալության գների թանկացման պատճառներին։
Sputnik
Քանի որ անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է, իսկ առաջարկը շատ սահմանափակ է, սեփականատերերը բնականաբար օգտվում են իրավիճակից և փորձում ավելի շահեկան պայմաններով վարձակալության տալ իրենց բնակարանները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մերի Հովսեփյանը։
ՌԴ-ում հայտարարված զորահավաքով ու Հայաստան մեծ թվով, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մուտքով պայմանավորված` վարձով բնակարանների գները կրկին թանկացել են:
Եթե հավանում է ՀՀ-ում աշխատելը, խնդրեմ. Պուտինը և Փաշինյանը քննարկել են միգրացիոն հոսքերը
«Եթե դիտարկում ենք Հայաստանի հյուրանոցների և հյուրատների առաջիկա մեկ–երկու ամիսների հասանելիությունը, ապա տեսնում ենք, որ տեղերն արդեն մոտ 98 տոկոսով զբաղված են։ Սա վկայում է բարձր պահանջարկի մասին։ ՌԴ–ում զորահավաքի հայտարարությունից անմիջապես հետո կտրուկ ավելացավ Ռուսաստանից դեպի Հայաստան ավիաչվերթների քանակը։ Միջին տվյալներով` օրվա ընթացքում տեղի է ունենում 30–40 չվերթ, գերակշռում են Մոսկվայից ու Սոչիից ժամանողները։ Միայն օդային ճանապարհով եկած ուղաևորահոսքերի պատկերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին 7-9 օրվա ընթացքում Հայաստան է եկել մոտ 50 հազար մարդ»,– նշեց տնտեսագետը։
Հովսեփյանի կարծիքով` հենց նրանք էլ ձևավորում են վարձակալական պահանջ անշարժ գույքի շուկայում։ Արդյունքում գները որոշ դեպքերում նույնիսկ ուռճացված կերպով բարձրանում են։
«Սահմանափակ առաջարկի պայմաններում նախորդ ամիսների ընթացքում նկատվում էր միտում, ըստ որի` մարդիկ, ովքեր նախապես մտադրություն չունեին վարձակալությամբ տրամադրել իրենց անշարժ գույքը, հիմա այլ մոտեցում են ցուցաբերում։ Ոմանք նույնիսկ ունենալով անշարժ գույք նաև մարզերում` տեղափոխվում են այնտեղ, իսկ Երևանում գտնվող իրենց բնակարանը կամ տունն ավելի բարենպաստ պայմաններով կամ բարձր գներով տալիս են վարձակալության»,– ասաց տնտեսագետը։
Նրա փոխանցմամբ` այս պահին հյուրանոցներում և հյուրատներում առաջիկա ամիսներին ռեզերվացիան ամբողջությամբ արված է, ուստի այլընտրանքային տարբերակներ են դիտվում բնակարաններն ու տները։ Ըստ նրա` շատ են դեպքերը, երբ մարդիկ վարձակալությամբ տրամադրում են իրենց բնակարանների առանձին սենյակները։
«Այդուհանդերձ դրական է այն, որ եթե սկզբնական շրջանում նկատելի էր հոսքերի կենտրոնացում Երևանում, ապա այժմ գների կտրուկ բարձրացման և առաջարկի խիստ սահմանափակ լինելու հետևանքով շարժը հետզհետե տեղափոխվում է մարզեր։ Այդ միտումը վստահաբար դեռ որոշ ժամանակ կշարունակվի, ինչն իր հերթին աշխուժացնում է կյանքը ՀՀ մարզերում»,– ասաց տնտեաագետը։
Գործարքները նվազում են, գները` աճում. անշարժ գույքի շուկան 2022թ-ի հուլիսին
Հովսեփյանը, սակայն, մատնանշեց այն հանգամանքը, որ եթե մեզանում բնակարանների ու տների վարձակալության գները շարունակեն բարձրանալ, և եթե այս հոսքերը պահպանվեն, ապա ինչ–որ մի պահից սկսած` կառաջանան խնդիրներ։ Շատերը մեր երկիրը կսկսեն դիտարկել որպես տարանցիկ ուղղություն և կմտածեն այլ երկրներում հանգրվանելու և այնտեղ իրենց գործունեությունը շարունակելու մասին։