Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությունը սկսվել է Տոկիոյի Nippon Budokan մարտարվեստների սրահում:
Արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են գրեթե բոլոր ճապոնական հեռուստաընկերությունները։
Հուղարկավորությանը ներկա է շուրջ 4,5 հազար հյուր, այդ թվում՝ պետությունների 34 առաջնորդ և պետությունների 14 նախկին ղեկավար: Արարողությանը ներկա են նաև կայսերական ընտանիքի ներկայացուցիչներ։
Անվտանգությունն ապահովում է մոտ 20 հազար ոստիկան, որոնց մի մասը ժամանել է այլ շրջաններից։ Տոկիոյի կենտրոնում հիմնական ավտոճանապարհները փակ են սեպտեմբերի 26-28-ը՝ ամբողջ ժամանակ, քանի դեռ քաղաքում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը:
Հավելենք, որ Nippon Budokan դահլիճի մոտակայքում այսօր կեսօրից (Երևանի ու Տոկիոյի ժամային տարբերությունը 5 ժամ է – խմբ.) բողոքի ակցիաներ են անցկացվում պետական հուղարկավորության դեմ։
Հիշեցնենք, որ Սինձո Աբեն մահացու վիրավորում էր ստացել հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ընթացքում ելույթի ժամանակ: Դիակիզումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։
Նա երկրորդ նախկին վարչապետը կլինի հետպատերազմյան շրջանում, որի մահից հետո պետական հուղարկավորություն է կազմակերպվում։ Առաջինը Ճապոնիայի նախկին վարչապետ Սիգերու Եսիդան էր, որը մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։
Սպանության հետաքննության շրջանակներում իշխանությունները խոստովանել են, որ սխալներ են թույլ տրվել Աբեի անվտանգության ապահովման հարցում։