«Ոչ մի բանից չէինք վախենում. մեր խնդիրը դիրքը պահելն էր»։ Ահա այս մտքով են ադրբեջանական վերջին ագրեսիային դիմակայել հայ ժամկետային զինծառայողները։ ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել հայ զինծառայողների սխրանքի մասին։
Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, որի երկայնքով հայկական դիրքերն են, մի քանի տասնյակ մետր այն կողմ` ադրբեջանական։ Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը եղել է հենց այս ուղղությամբ, որտեղ մարտական հերթապահություն են անցկացնում ժամկետային զինծառայողները։
«Ամեն մեկս մեր տեղը գիտեինք ու ըստ հրամանի`ինչ պետք է, արել ենք»,–ասում է ժամկետային զինծառայող Հրաչյա Ներսիսյանը։
Մյուսն էլ հավելում է` դիրքը տեղում է, ինչպես կար։
«Տղերքն իրենց պահել են արծիվների պես, ամեն մեկն իր առջև դրած խնդիրը կատարել է »,–ասում է ժամկետային զինծառայող Արա Ավագյանը։
Գործի են անցել նաև հրետանավորներն ու ականանետային ստորաբաժանումները։
Տղաները գործել են կարգապահ ու առանց խուճապի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։