Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ. վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին Կուտականից տարհանել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։
«Ընդհանուր առմամբ եղել է երկու օչերեդ, մեկը տևել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,–ասաց Թովմասյանը
Նա նշեց, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո կանանց, ծերերին և երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։
Թովմասյանը հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։