Իրանում անկարգությունների ընթացքում շուրջ 17 մարդ է մահացել, 95-ը` տուժել. ԶԼՄ

Բողոքի ակցիա Իրանում
Ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մահսա Ամինիի մահից հետո Իրանի քաղաքներում շարունակվող անկարգությունների և ցույցերի ընթացքում մոտ 17 մարդ է մահացել, ևս 95-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` մահացածների թվում և՛ ցույցերի մասնակիցներ կան, և՛ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Իրանի մի շարք պետական լրատվամիջոցներ հայտնում են, որ Գիլան (երկրի հյուսիս) և Քերմանշահ (երկրի արևմտյան հատվածում, Քրդստանի նահանգ) քաղաքներում անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 95 մարդ։
Բացի այդ, «Entekhab» պարբերականում հրապարակված Գիլան նահանգի ոստիկանապետի հայտարարության համաձայն` ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։