ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներ Անի Խաչատրյանին և Թեհմինե Վարդանյանին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ավագանու այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց Խաչատրյանը։
«Ինձ և Վարդանյանին հրավիրել էին ոստիկանության Կոտայքի քննչական բաժին, և մենք ծիծաղելով գնացինք այնտեղ։ Մեզ համար այս ամենն իսկապես ծիծաղելի է»,- ասաց Խաչատրյանը։
Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց կանչել են հարցաքննության, քանի որ վերջին հանդիպման ժամանակ իր ելույթում Անտոնյանին ասել է. «Անտոնյան, դու կլորացած աչքերով կգաս հանդիպման և կհարցնես, թե ինչու են ավագանու հանդեպ ոտնձգություններ տեղի ունենում»։
Ավագանու անդամը վրդովված է, որ իրեն հրավիրել են ոչ թե քննչական կոմիտեի Երևանի բաժին, այլ Չարենցավան, և ինքը մի ամբողջ օր կորցրել է իրավիճակը բացատրելով։
«Պարոն Անտոնյան, ես, ի տարբերություն ձեզ, պարապության սինդրոմով չեմ տառապում։ Զբաղվեք լուրջ գործերով, գնացեք լողի, սպորտի, ի վերջո ասեղնագործությամբ կամ գոբելենով զբաղվեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել և դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս հարվածներ էին հասցրել նաև Անտոնյանի 87-ամյա հորը։