ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Կարմիր Խաչի ներկայացուցիչները նախատեսում են առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերել։ Նրանց ներկայացրել եմ Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը»,– գրել է Սարգսյանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Կողմերը խոսել են նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: