Բլինկենը ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հետագա մարտական գործողություններ թույլ չտալու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է այս ամսվա ընթացքում ևս մեկ անգամ հանդիպել:
«Պետքարտուղար Բլինկենը ցավակցություն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ և ընդգծել հետագա մարտական գործողություններ թույլ չտալու անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղարը կողմերին կոչ է արել մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպել», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն առաջին ուղիղ բանակցությունն է հայ-ադրբեջանական վերջին սրացումից ի վեր:
Նշենք, որ Միրզոյան–Բայրամով հանդիպումը կայացել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Բլինկենը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: