Պետական դավաճանության կասկածանքով ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ավիագործարանի թոփ մենեջերին։ Ինչպես հայտնում է ԱԴԾ–ի մամուլի ծառայությունը, բացարձակ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունենալով՝ պաշտոնյան լուսանկարել է գծագրերի դրվագները՝ մարտական ավիացիոն տեխնիկայի մանրամասներով։
«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության մեջ ներքաշված Ռուսաստանի քաղաքացուն, որն Ուկրաինային տեղեկություններ է փոխանցել ի վնաս Ռուսաստանի Դաշնության անվտանգության», – նշված է հաղորդագրության մեջ:
Օգտվելով իր դիրքից՝ նա փոխանցել է հեռախոսով արված լուսանկարներն Ուկրաինայի քաղաքացուն՝ «Օդեսայի ավիացիոն գործարանի» աշխատակցին ։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 275 հոդվածով՝ «Պետական դավաճանություն»։ Հոդվածը նախատեսում է առավելագույնը 20 տարի ազատազրկում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 201-րդ օրը։