Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում

Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան դեռևս նույն տեղում է, սակայն անձնակազմը լքել է տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է»,– նշել է ՄԻՊ–ը։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։
Այս պահի տեղեկությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։
Գրիգորյանը հայտնում է, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այս պահին իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։