ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Կրասնոդարի» և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Արսեն Զախարյանը Transfermarkt-ի տվյալներով գլխավորել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցուցակը։
Սպերցյանի ու Զախարյանի, ինչպես նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի տրանսֆերային արժեքը ավելացել է 3 միլիոն եվրոյով։ Պորտալի տեղեկություններով` Սպերցյանի տրանսֆերը գնահատում է 9 միլիոն եվրո, Զախարյանինը՝ 15 միլիոն եվրո, Իսիդորինը՝ 6 միլիոն եվրո։
Ամենաշատը նվազել է Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Մաքսիմենկոի տրանսֆերային արժեքը։ Եթե նախկինում այն կազմում էր 9 միլիոն եվրո, ապա այժմ` 2,5 միլիոն։
Հիշեցնենք, որ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, ավարտել է Կրասնոդարի ֆուտբոլի ակադեմիան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո 2021 թվականին նա համաձայնել է հանդես գալ ազգային հավաքականում։
Արսեն Զախարյանը 2021/2022 ֆուտբոլային մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Զախարյանը հինգ հանդիպում է անցկացրել, գրանցելով մեկ գոլ և երկու գոլային փոխանցում։ Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։