«Լավ եմ, շատ լավ». Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը հետաձգվեց

Այսօրվա դատական նիստին ներկա չէր ինչպես ամբաստանյալը, այնպես էլ գործով վկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։
Նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Սերժ Սարգսյանը ներկա էր դատական նիստին, սակայն գործով վկա Սևան Քոչարյանը, որը վերջին նիստերին բացակայում էր (ինչի պատճառով էլ հետաձգվէլ էոր նախորդ նիստը), այսօր կրկին ներկա չէր նիստին։
«Գործով վկային դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել. տեսուչներն այցելել են բնակարան և Քոչարյանը հայտնել է, որ սեպտեմբերի 3-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Վկան այս պահին անկողնային վիճակում է»,–ասաց դատավոր Վահե Միսակյանը։
Գործով ամբաստանյալ, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը նույնպես ներկա չէր նիստին, քանի որ վատառողջ է։ Ամբաստանյալի բացակայության հետևանքով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 14։00-ին։
Հավելենք, որ դատարանի բակում հավաքվել էին Սարգսյանի աջակցիները։ Ի պատասխան նրանցից մեկի «ինչպե՞ս եք» հարցին, Սարգսյանը նշեց.
«Լավ եմ, շատ լավ»։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։