Եվրոպայի թուրքերը էներգետիկ ճգնաժամի պատճառով մազութ ու ածուխ են կուտակում

Թուրքական Yeni Şafak թերթը խոսել Եվրոպայում ապրող թուրքերի հետ, ովքեր ներկայացրել են ճգնաժամային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրներում բնակվող թուրքերը մազութ ու ածուխ են կուտակում սպասվող էներգետիկ ճգնաժամին ու «մղձավանջային ձմռանն» ընդառաջ։ Գրում է ՌԻԱ Նովոստին` թուրքական Yeni Şafak թերթին հղումով։
«Ռուսաստանը փակել է փականները, իսկ Եվրոպան գազային ճգնաժամի մեջ է։ Երկրները շտապում են հաղթահարել սպասվող մղձավանջային ձմեռը՝ նվազագույն վնասներով։ Թուրքերն այստեղ նույնպես սեփական ծրագրերն են կազմում։ Ոմանք մազութ են կուտակել, ոմանք` վառարաններ կառուցել և ածուխ գնել, կան նույնիսկ մոմեր կուտակողներ հոսանքի անջատումների հնարավոր դեպքերի համար»,– գրում է թերթը` ներկայացնելով Եվրոպայի թուրքերի պատմածները։
Նրանցից մեկը, ով 1995 թվականից ապրում է Ֆրանսիայում, ասել է, որ ամբողջ Եվրոպայում մեծ տնտեսական ճգնաժամ է սկսվել, և անհավատալի է, որ այն հնարավոր կլինի հաղթահարել։
Ֆրանսիայում բնակվող մեկ այլ թուրք շինարար էլ պատմել է, որ արդեն վառարան ու շատ մոմեր է գնել, քանի որ լուրջ մտահոգություններ ունի: «Ֆրանսիայի կառավարությունն ասում է, որ կվերաբացի ատոմակայանները ու բնական գազ կներկրի այլ երկրներից, օրինակ՝ Ալժիրից: Բայց մենք Ալժիրի քաղաքացիների բացասական վերաբերմունք ենք տեսել լրատվամիջոցներում Ֆրանսիայի նախագահի մասին»,- ասաց նա։
Ավստրիայում բնակվող երեք երեխաների մայր մի կին էլ թերթին պատմել է սննդի գների աննախադեպ աճի մասին։ «Սակայն աշխատավարձերն ու նպաստները մնացել են նույնը, ինչը բնականաբար դժվարություններ է ստեղծում մասնավոր կարիքները հոգալու և վճարումներ կատարելու համար։ Կառավարությունն օգնում է այնքան, ինչքան կարողանում է, բայց դա բավարար չէ, ես չեմ հասկանում իշխանության քաղաքական գիծը։ Ստիպված որոշ բաներ սահմանափակել ենք ֆինանսական դժվարություններից խուսափելու համար։ Ռեստորանները, սպորտը, զվարճանքները արդեն վերջացած են»,- ասել է թուրք կինը։
Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճին: Ընդ որում, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: