ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՔԿ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու հիմքով։
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, քննիչը, 2020թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից, 30 օրվա ընթացքում, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:
Նա հայտարարագիրը չի ներկայացրել նաև հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021թ. սեպտեմբերի 02-ին հանձնաժողովը որոշել է Վ. Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 200 000 դրամի չափով: Սակայն դրանից հետո ևս քնիչը հայտարարագիր չի ներկայացրել։
Արդյունքում Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագիր չներկայացնելը):
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և նյութերն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Դատախազությունից հայտնում են, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր սա նման հանցակազմով դատարան ուղարկված երկրորդ քրեական գործն է: