ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է, բայց ողջ է մնացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը քաղաքացին հասցրել է իրեն ցած նետել։
Փրկարարները, բժիշկները կամրջի տակ ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Աղջկա մոտ հայտնաբերվել է նաև երկտող։