Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի պակաս թերհայտարարագրման դեպք: Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ-ի կայքում։
Ըստ հաղորդագրության` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օպերատիվ տվյալներ է ստացել, որ հայր և որդի Մարգարյանները նախատեսում են շուկայականից մի քանի անգամ ցածր գնով «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ:
Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ, ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված նյութերը, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն, ուղարկվել է ՊԵԿ-ի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքը` ամբողջությամբ առգրավվել:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների նախնական հաշվարկի համաձայն` ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռքբերման գները նշել իրականությանը համապատասխան` հետագա հարկային հսկողությունից և ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաև առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով և պահպանել հարկային օրենսդրության պահանջները: