Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Միքայել Արզումանյան
Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, և նա ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք` Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։ Պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։