Յուրաքանչյուր անհետ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած. ԿՄԽԿ–ի տեսանյութը

ԿԽՄԿ տվյալներով` տարածաշրջանում առայսօր ավելի քան 4900 անձ անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու նրանց ընտանիքների խնդրին։
«Յուրաքանչյուր անհայտ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած, որն իրավունք ունի իմանալու իր հարազատի ճակատագիրն ու գտնվելու վայրը։ Ժամանակն այս պարագայում անզոր է բուժել. պատասխաններ են անհրաժեշտ»,– ասված է Կարմիր խաչի ուղերձում։
Տեսանյութում ներկայացված է երկու հայ ընտանիքի պատմություն, որոնցից մեկն իր որդուն կորցրել է Արցախյան 44-օրյա պատերազմում, մյուսը` 1990-ականներին։ Երկու անհետ կորած զինվորների հարազատներն առայսօր հույսով սպասում են իրենց որդիներին, թեև որևէ լուր չունեն նրանց ճակատագրերի մասին։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով` տարածաշրջանում մինչ օրս ավելի քան 4900 անձ անհետ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ՝ 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։
Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն Եռաբլուր
Տվյալները հաշվառվել են ԿԽՄԿ–ին ուղղված նրանց ընտանիքների դիմումների հիման վրա։
Նշենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ:
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը սահմանել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր:
Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան