Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել. տեսանյութ, լուսանկարներ

50 տարի շարունակ Արաբկիրի այգին հանձնված է եղել մասնավորին։ Վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգում որևէ խնամք չեն իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շահագործման է հանձնել վերանորոգված ու վերափոխված «Նոր Արաբկիր» կամ ժողովրդի լեզվով ասած` «Մոլոկանի» այգին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` բարեկարգված այգուց նաև տեսանյութ հրապարակելով։
Երևանի քաղաքապետն ու այլ պաշտոնյաներ «Մոլոկանի» այգում
Սարգսյանը հայտնում է, որ Արաբկիրի այգին իր գոյության ընթացքում առաջին անգամ է հիմնանորոգվել։ Վերագործարկվել է նաև այգու` տարիներ շարունակ չաշխատած շատրվանային համալիրը։

«Այգին բարեկարգել ենք համայնքային բյուջեի միջոցներով և այսօր, ըստ էության, այն նվիրում ենք բնակիչներին: Մենք մեր ծրագրերի միջոցով փորձելու ենք այլ վարչական շրջաններում ևս հանգստի գոտիները վերականգնել, ինչպես նաև նոր շատրվանային համալիրներ ու հանգստի անկյուններ ձևավորել: Կանաչապատման ոլորտում մենք Երևանում ունենք խնդիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդլայնենք կանաչապատման ծավալները, որպեսզի մեր երեխաները մեծանան լավ միջավայրում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նշենք, որ այգին տարիներ շարունակ հանձնված է եղել մասնավորին, վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգու տարածքում որևէ խնամք չեն իրականացրել։
Երևանի քաղաքապետն ու այլ պաշտոնյաներ «Մոլոկանի» այգում
«Այգին 50 տարվա վարձակալության պայմանագրով տրված էր մասնավորին, և մենք նկատում էինք, որ օրեցօր այգին հետընթաց է ունենում, և արդեն խնդիր էր առաջանում կանաչապատ տարածքների պահպանության հարցում: 2018թ. հետո քաղաքական թիմը խոստացել էր, որ հանրային տարածքները հանրությանն է վերադարձվելու, և սա այդ մոտեցման ամենատիպիկ օրինակն է: Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- ասում է քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
«Մոլոկանի» այգին
Երևանյան այգիների ու շատրվանների բարեկարգման աշխատանքնրը ծավալուն են, բայց քաղաքապետարանում վստահեցնում են, որ վերաբացվող այգիների շարքը փուլ առ փուլ համալրվելու է նոր հասցեներով:
Երևանի քաղաքապետն ու այլ պաշտոնյաներ «Մոլոկանի» այգում
Մի շարք այգիների վերականգնումն այս պահին ընթացքի մեջ է, մյուսներինը` ծրագրված: