ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը և ՊԵԿ-ի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը կգործուղվեն Բալի։ Նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանք Ինդոնեզիայում կլինեն օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 3-ը և կմասնակցեն «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը:
Գործուղման ծախսերն արվելու են ՀՀ պետբյուջեի հաշվին։ Ռուստամ Բադասյանը պետք է վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Հիշեցնենք, որ մարտի 18-23-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն էր Ինդոնեզիա մեկնել` Բալի կղզու հանրահայտ Նուսա Դուա հանգստավայրում կայացած Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմից հայտնել էին, որ պատվիրակության այցը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է շուրջ 18 մլն դրամ` 36 000 դոլար։