ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանը ներկա էր նիստին, սակայն ներկա չէր գործով վկա Սևան Քոչարյանը։ Նշենք, որ նա եղել է վառելիք ներկրող «Սոբրանիե» ընկերության տնօրենը:
Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին` 14։30-ին։
Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վկայի` դատական նիստերից բացակայելու մեջ դիտավորություն է տեսնում. արդեն երրորդ նիստն է, որ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատարան` ձգձգելով նիստերի ընթացքը։
«Դատարան չի ներկայանում այն վկան, որի հաղորդումն առիթ է հանդիսացել քրգործ հարուցելու համար։ Սա ուղիղ ցուցիչ է, որ քրգործը կեղծ և շինծու է։ Ի դեպ, այս վկան քննիչի մոտ հարցաքննվել է, ուստի դատարան չգալու մեջ դիտավորություն եմ տեսնում»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։