ՀՀ պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել. ՊԵԿ-ը հանցավոր սխեմա է բացահայտել

ՊԵԿ
ՀՀ քաղաքացիներ թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը ու իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն նախապես մշակված սխեմաների կիրառման արդյունքում պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ քննչական վարչությունը հաղորդում է ստացել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել
Պարզվել է, որ կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից։ Պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակությունն իրականացվել է այլ ընկերությունների միջոցով։
Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերոնշյալ անձինք իրենց հանցագործությունը քողարկելու նպատակով մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը 2022 թվականի հունիսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։
Հ․Ք․-ն և Գ․Ն-ն 5 կազմակերպության հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ։ Կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են արդարադատության նախարարություն և պետական եկամուտների կոմիտե, գրանցվել որպես կազմակերպությունների տնօրեն ու էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։
«ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք իրենց հանցանքը կատարել են նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում։ Թաքցրել և խեղաթյուրել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը ու իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Այսպիսով` Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ նաև առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ: