ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Որոշում է կայացվել միակողմանի բացել Երևանի Քրիստափորի փողոցի մի հատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Փեթակը» փակ է։ «Սուրմալուի» տարածքում ԱԻՆ-ը դեռ որոնողական աշխատանքներ է կատարում։
«Փեթակի» տնտեսվարողները երեկ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` բողոքելով, որ այդպես էլ հստակ չէ, թե երբվանից են սկսելու աշխատել, իսկ իրենք վարկեր ու այլ խնդիրներ ունեն։
«Տեղեկացնում եմ, որ երեկ ոստիկանության, քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,–ասված է Կոստանյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի լրատվության վարչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էին` քննչական գործողություններ են ընթանում տարածքում, այդ պատճառով էլ թույլ չեն տալիս, որ «Փեթակի» աշխատակիցները մուտք գործեն այդտեղ։