Սգում ենք, բայց ընտանիք ենք պահում, վարկեր ունենք. «Փեթակի» աշխատողները պատասխան են ուզում

«Փեթակի» տնտեսվարողները նշում են` իրենք օրավարձով են աշխատում, և արդեն 1 շաբաթ է` առանց աշխատանքի են մնացել։ Նրանք չգիտեն` վարկերն ինչպես են փակելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արդեն մեկ շաբաթ է, ինչ փակ է «Փեթակ» առևտրի կենտրոնը, և տեղի աշխատակիցները չգիտեն` դեռ որքան են առանց աշխատանքի մնալու։ «Փեթակի» աշխատողներն այսօր հավաքվել են առևտրի կենտրոնի մոտ և սպասում են, որ իրենց հստակ օր ասեն` երբվանից են սկսելու աշխատել։ Նրանք պահանջում են, որ փողոցը միակողմանի բացեն և իրենց աշխատանքը սկսվի։
Հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Դրանից հետո ԱԻՆ ծառայողներն ավելի քան մեկ շաբաթ է՝ իրականացնում են որոնողափրկարարական, մաքրման և ինժեներական աշխատանքներ, հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։

«Ուզում ենք հստակ իմանալ` երբ են բացելու «Փեթակը», որ մեր գլխի ճարը տեսնենք։ Արդեն մեկ շաբաթ է` գործ չունենք։ Հիմա էլ անորոշ վիճակ է` չգիտենք, թե վերջն ինչ է լինելու։ Բոլորս էլ սգում ենք, բայց մենք ընտանիք պետք է պահենք` օրավարձով ենք ապրում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղի աշխատակիցներից Գուրգեն Գրիգորյանը։

Սմբատ Իսախանյանը «Փեթակում» տնտեսական ապրանքների խանութ ունի, որտեղ 10 անձ է աշխատում։ Իսախանյանն ասում է` իրենք առաջարկում են գոնե միակողմանի բացել փողոցը, որպեսզի կարողանան ելումուտ ունենալ։
«1000-ից ավել աշխատող կա` ամեն մեկս ընտանիք ենք պահում։ Ցավալի դեպք է եղել, մենք էլ մոտ մարդիկ ունենք տուժածների մեջ, բայց պետք է աշխատենք ու ընտանիք պահենք»,- ասաց Իսախանյանը։
Արթուր Գևորգյանն էլ նշում է, որ մինչ այս պահն իրենց ասել են, որ պատկան մարմինները թույլ չեն տալիս բացել «Փեթակը», քանի որ «Սուրմալուի» շենքը պետք է ապամոնտաժեն։

«Սպասում ենք հստակ պատասխանի, որ իմանանք` ինչ անենք։ Եթե պետք է մեկ ամիս էլ փակ լինի «Փեթակը», մենք էլ մեր ապրանքը հանենք ու փորձենք այլ ելք գտնել»,- ասաց Գևորգյանը։

Հարցին, թե կա՞ մտավախություն, որ այս օրերի տեղի գումարը պետք է գանձեն աշխատակիցներից` Գևորգյանը պատասխանեց, որ կարծում են` տնօրենությունը նման քայլի չի գնա։ Սակայն, ըստ նրա, բոլոր աշխատակիցները վարկեր ունեն, իսկ բանկերն իրենց վարկերը գանձելու են, չեն նայելու՝ մարդիկ աշխատել են, թե ոչ։
Ի դեպ, հավաքված աշխատակիցները հայտնեցին, որ մինչև հստակ չպատասխանեն, թե երբվանից են թույլատրելու աշխատանքի գնալ, իրենք չեն հեռանալու տարածքից։
«Սուրմալուում» ամրաշինական աշխատանքներ են արվել. փլուզման վտանգ կա