Երեկ՝ օգոստոսի 20-ին, Մերձմոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթել է ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան։ Մեքենայի ղեկին եղել է նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան ։ Նա տեղում մահացել է ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ինքը՝ Ալեքսանդր Դուգինը, այլ մեքենայի մեջ է եղել։ Երկուսն էլ երեկ երեկոյան ելույթ են ունեցել մերձմոսկովյան Զախարովո կալվածքում անցկացվող «Ավանդույթ» փառատոնում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ավտոմեքենայում, ենթադրաբար, պայթուցիկ սարք է գործարկվել։ Քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր եղանակով սպանության դեպքի առթիվ։
Վարկածներից մեկի համաձայն՝ Դուգինի մեքենայի պայթյունին կարող են մասնակից լինել ուկրաինացի ահաբեկիչները։ Այս մասին հայտարարել են ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը և Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Ռոգովը։
Ներկայում Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քրեագետներն ու քննիչները՝ ՌԴ ՔԿ ԳԿՎ գործընկերների և պայթյունատեխնիկական մասնագետների մասնակցությամբ, շարունակում են դեպքի վայրի զննումը: Արդյունքների համաձայն կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում ՝ դատաբժշկական, պայթյունատեխնիկական, մոլեկուլային-գենետիկ։