Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սուրմալուի» պայթյունն իր անձի հետ կապող լուրերին

ՔՊ պատգամավորնակնկալում է, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներին։
«Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ նմանաբովանդակ նյութերով կազմակերպված արշավ են սկսել Սուքիասյանների դեմ: Սա արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար»,– գրում է Սուքիասյանը:
Հիշյալ հրապարակումներում առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ներկայացվում էր որպես Խաչատուր Սուքիասյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կազմակերպված։
«Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,– գրում է պատգամավորը։
Հրապարակման մեջ Սուքիասյանը ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին