Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է

Մեկուսարան
ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած Ջ.Ս.-ն կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
2022թ. օգոստոսի 15-ին` ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և ասել, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, պայթեցնելու է նաև ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին` ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից զանգել և ասել է, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ, և եթե 20 րոպեում չմոտենան, իրեն շենքի հետ կպայթեցնի:
Հիշյալ ահազանգերը ստուգելու նպատակով Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, կատարվել են ստուգման միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրու բնակիչ Ջ.Ս.-ն է, որը նույն օրը երեկոյան ձերբակալվել է։
Ալկոհոլի ազդեցության տակ է եղել. Գյումրիում ռումբի մասին ահազանգի հեղինակը հայտնաբերվել է
Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մթնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:
Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:
Հաշվի առնելով վերջին շրջանում նմանօրինակ կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: