Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց

Հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։
Sputnik
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը հաղթեց թուրք Բատու Բասին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ օգտագործեց իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում նա հաղթեց 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում ավելացրեց ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն ստացվեց։ Թուրք բռնցքամարտիկը նետվեց մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն տվեց Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին, մրցավարը բացեց հաշիվը և դադարեցրեց մենամարտը։
Մրցավարի որոշումը զայրացրեց թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձում էին հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։
Կիսաեզրափակիչ դուրս գալով` Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովեց մեդալ։
Մեդալներ են ապահովել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։