60 տարեկանում որոշեց վաղեմի երազանքն իրականացնել` վաճառեց տունը, ձեռք բերեց մետաղի ջարդոնի վերածված ավտոբուսներ ու սկսեց էկոավան կառուցել Արարատի մարզի Ազատի ջրամբարի ափին։ Կարեն Ասատրյանն ասում է՝ նպատակը ոչ թե բիզնեսն է, այլ կյանքի ոճ ստեղծելը։ Էկոավանի տնակների մի քանի տարբերակներ ուներ, որոնք, սակայն, բավականին ծախսատար էին։ Քանի որ արտերկրում ընկերներից մեկին տարիների առաջ օգնել էր էկոավան հիմնել, փորձը կար, պատկերացում ուներ՝ ինչից ինչ կարող է դառնալ։
Գտավ վաղուց արդեն շահագործումից դուրս եկած նախկին 37 համարի քաղաքային երթուղու 7 ավտոբուսները, որոնց շարժիչներն էին անգամ հանված։ Ծանոթ-անծանոթ ասում էին՝ անիրական է այս մետաղի ջարդոններն Ազատի ջրամբարի ափ հասցնել։ Բայց դե անիրական բան չկա, երբ կա ցանկություն ու նպատակ․ավտոբուսները տեղ հասան։
Կարեն Ասատրյանը` տնակներ դարձող ավտոբուսների ֆոնին Ազատի ջրամբարի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
Վարձակալած տանը հիմա ապրում են կինն ու 3-ամյա որդին՝ Արմենը։ Ասում է՝ իր խենթ ու խելառ ձեռնարկին կինը չընդդիմացավ, իր համախոհն է։ Հիմա Կարենը հիմնականում հենց այստեղ՝ ապագա էկոավանում է ապրում։ Մի կողմից հսկում է, որ առանց այն էլ վնասված ավտոբուսներն էլ ավելի չվնասեն, մյուս կողմից էլ սեփական փորձով է հասկանում, թե ինչպես պետք է կահավորել ավտոբուսները, որ կեցության համար հարմար լինեն։
Կարեն Ասատրյանը ավտոբուսում
© Sputnik / Asatur Yesayants
«Ավտոբուսներն իրենք սենյակի կահավորանքը թելադրում են, շատ բան պետք չէ. վարորդի տեղում կլինի գրասեղան, որ մարդ նստի, աշխատի՝ աչքի առջև ունենալով գեղեցիկ տեսարանը, ավտոբուսի վերջին մասում քնելու տեղն է լինելու, կանենք խոհանոց, փոքրիկ հյուրասենյակի պես մի բան, նաև լոգարան։ Ավանի տարածքը լուսավորվելու է, կանաչապատվելու է»,- նկարագրում է Կարենը։
Ազատի ջրամբարի մոտ ստեղծվող էկոավանը
© Sputnik / Asatur Yesayants
Ասում է՝ երկար տարիներ ուսումնասիրել է, թե կոմպակտ տարածության մեջ ինչպես տեղավորվել։ Որոշել է այստեղ միավորել բարձր տեխնոլոգիաներն ու ամենապարզ բնապահպանական ոճի կյանքը։ Ավտոբուսների կտուրներին արևային վահանակներ են տեղադրվելու, ձմռանը ավտոբուսների ներսը տաքացվելու է, ամռանը՝ հովացվելու։
Սա ոչ միայն լիցքաթափվելու, այլև լիցքավորվելու տեղ է լինելու։ Ասում է՝ այս տարածքում զարմանալի խաղաղություն ու էներգետիկա կա, որ չես կարող չզգալ։ Երևանում ծնված ու մեծացած տղան երիտասարդ տարիներին ոտքով անցել է այս բոլոր լեռներով ու իր համար գտել այս հրաշք վայրը։ Վերջին տարիներին Կարենը նաև զբոսաշրջային ոլորտում էր աշխատում, արտերկրից զբոսաշրջիկների էր դիմավորում, նրանց համար անսովոր քայլարշավային երթուղիներ կազմում։ 10-15 օր տևող արշավները հաճախ հենց այստեղ էին վերջանում՝ լճում լողալով։
Կարեն Ասատրյանը Ազատի ջրամբարի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
«Պատկերացնու՞մ եք՝ արշավն այնպես էինք ծրագրում, որ մեր հետ եղածը բավականացնի, առանց մեքենաների, առանց ձիերի։ Սնվում էինք լեռներում, օրինակ, թարմ բույսերով և այլն»։
Ասում է՝ բնական բարդ պայմաններում գոյատևման հմտությունները խորհրդային բանակից են մնացել։ Ծառայել է Խաբարովսկի երկրամասում։
«Ասում էին՝ Աստված ստեղծել է դրախտը, իսկ սատանան՝ Խաբարովսկի երկրամասը, բայց ինձ էնտեղ շատ դուր եկավ։ Ես այնտեղ հասկացա, որ բնության մեջ հրաշք ուժեր կան։ Դրանից հետո, երբ Հայաստան վերադարձա, հասկացա, որ չեմ կարողանում քաղաքում ապրել, գնացի ու անտառապահ դարձա»։
Դեռ խորհրդային տարիներին, երբ երկաթե վարագույրը բաժանում էր դրսի ու ներսի աշխարհները, Կարենը մեկնեց Հիմալայներ՝ հոգևոր ուսուցում ստանալու։ Հենց Հիմալայներում էլ լսեց Արցախյան ազատամարտի մասին։
Կարեն Ասատրյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Որոշ ժամանակ հետո էդ միտքը եկավ, որ եթե պատերազմ է, պետք է լինես քո տանը, պաշտպանես քո տունը, ինչ-որ այլ տեղ լինելը հեչ տղամարդավարի չէ, ու ես սկսեցի ամոթ զգալ, ոնց որ ճղճիմ մեկը լինեմ, որ վախեցել, թաքնվել եմ։ Գնացի ուսուցչիս մոտ, ասացի՝ ինձ թվում է՝ պետք է գնամ, կարծում էի՝ պետք է համոզի, ասի՝ ինչ գործ ունես, պացիֆիստական մտքեր, բայց ասաց՝ ես սպասում էի դրան»։ Այդպես նա գնաց Արցախ։
Կարենը շատ է ճամփորդել, ապրել աշխարհի տարբեր երկրներում՝ Հնդկաստան, Նեպալ, Թաիլանդ և այլն։ Մի օր միտքն ինքնիրեն եկավ՝ ուզում է այնպիսի տեղում ապրել, որ Մասիսը միշտ երևա։ Եթե չի երևում, ուրեմն սխալ տեղում ես ապրում։ Ազատի ջրամբարի այս հատվածն ընտրելու պատճառներից մեկը հենց դա է՝ Արարատն է երևում։ Կարծում է՝ մոտ 2 տարուց էկոավանն արդեն կսկսի աշխատել։ Տարածքն ավարտուն տեսքի բերելու գործում տարբեր երկրների կամավորները խոստացել են օգնել։
37 համարի ավտոբուսներն Ազատի ջրամբարի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
Իհարկե, աշխատող ձեռքերից բացի նաև ֆինանսներ են պետք, որքան էլ Կարենը ռոմանտիկ է, բայց իրատեսությունն էլ չի կորցնում։ Հավատում է՝ այդ հարցն էլ կլուծեն։ Ի դեպ, ավտոբուսներից մեկն էլ իր ու իր ընտանիքի տունն է դառնալու, որտեղից միշտ Արարատն են տեսնելու։