ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Երկարատև հիվանդությունից հետո նախօրեին մահացած գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին։ Տեղեկությունը հայտնում են Սարոյանի մտերիմները։
Սարոյանի հոգեհանգստյան արարողությունը նախատեսված է Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեում, ժամը 14։00-ից 18։00-ն։
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` օգոստոսի 12–ին, մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։
Նշենք, որ 1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է Խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը, մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993-ից մինչև 2007 թ․ եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։
2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թ․ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ․՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
2007 թ․ մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Նա ամուսնացած էր, ունի չորս զավակ։