«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է

Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում»
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևանի օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն։ Այստեղ է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել։
«Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե՛ իրենց, թե՛ իրենց մրցակիցներին»,- ասաց Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։
«Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։
Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց: